ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՊՐԻԼ 24-28

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 10, 11/

Առաջադրանք՝

  • Երեխայի իրավունքները:
Հոդված 41.Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը

1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:

Հոդված 42.Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

1. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները:

Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: 

2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 43.Երեխայի պաշտպանության իրավունքը

1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում` պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի:

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում` ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

Հոդված 44.Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում:

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

Հոդված 45.Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը

1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով` սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը:

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն` մոր ազգանունով:

Հոդված 47.Երեխայի գույքային իրավունքները

1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով:

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ:

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ:

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:
Հոդված 49.Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

 

Հոդված 50.Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները

1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ:

2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

3. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:

 

Հոդված 51.Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին:

Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

 

Հոդված 52.Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա:

Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

Հոդված 53.Ծնողական իրավունքների իրականացումը

 

1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ:

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:i

3. Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

(53-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 i

Հոդված 54.Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

 i

1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:

Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին:

Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին` ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը:

4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան: Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում: Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով:

(54-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-46-Ն, 21.12.17 ՀՕ-10-Ն օրենքներ)

 

 

Խորթ ծնողները իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել և խնամել իրենց ամուսնու` նախկին ամուսնությունից ծնված և իրենց հետ համատեղ ապրող երեխաներին (խորթ երեխաներին):

(55-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 

 

1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ:

2. Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը:

3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան: Դատարանը վեճը լուծում է` ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը:

(56-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-46-Ն, 21.12.17 ՀՕ-10-Ն օրենքներ)

Հոդված 57.Ծնողական իրավունքների պաշտպանությունը

 

1. Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման: Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան:

Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից:

2. Եթե դատական կարգով հաստատվում է, որ ո´չ ծնողները, ո´չ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովելու նրա դաստիարակությունն ու զարգացումը, ապա դատարանը երեխային հանձնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին:

(57-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 

Հոդված 58.Երեխային վերցնելը նրա կյանքը և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում

 

1. Երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավասու է անմիջապես երեխային վերցնելու ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան:

2. Երեխային վերցնելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը և յոթ օրվա ժամկետում դիմել դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով:

 

 

1. Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.

2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.

6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.i

7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

2. Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, մասնակցում է վարժական հավաքներին կամ գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում, գերության մեջ, մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե ծնողական իրավունքներից զրկելը չի բխում Երեխայի լավագույն շահերից: Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:

(59-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 

Հոդված 60.Ծնողական իրավունքներից զրկելու կարգը

 

1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`

ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),

բ. խնամակալության և հոգաբարձության մարմինը,

գ. այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված մարմինները և կազմակերպությունները սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից մեկ ամիս հետո:

2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

2.1. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրված` երեխայի և ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը):

3. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:

4. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

(60-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 21.01.20 ՀՕ-62-Ն, 04.03.20 ՀՕ-100-Ն օրենքներ)

 

Հոդված 61.Ծնողական իրավունքներից զրկելու հետևանքները

 

1. Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում` նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները):

2. Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից:

3. Երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծվում է դատական կարգով:

4. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում` ժառանգություն ստանալու իրավունքը):

5. Եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին, կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են, ապա նա հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին:

6. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո:

 

Հոդված 62.Ծնողական իրավունքների վերականգնումը

 

1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը:

2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով` ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա: Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաև երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը:

4. Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը:

Դատարանը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:

Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

(62-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն օրենք)

 i

Հոդված 63.Ծնողական իրավունքների սահմանափակումը

1. Ելնելով երեխայի կենսական շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:

2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն):

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին: Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը` ելնելով երեխայի շահերից:

3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն:

4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող և երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններ:

 

Հոդված 64.Ծնողական իրավունքների սահմանափակման հետևանքները

1. Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը:

2. Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից:

3. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում` ժառանգություն ստանալու իրավունքը):

4. Ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների խնամքին:

 

Հոդված 65.Երեխայի շփումը ծնողական սահմանափակ իրավունքներով ծնողների հետ

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

 

Հոդված 66.Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

1. Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին:

2. Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

 

1. Դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *